Netflix-ը թողարկել է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը, որը մանրակրկիտ հետևում է վեպի տառին, բայց մասամբ զիջում է ֆանտաստիկ ոգու առումով, հայտնում է «Կոմերսանտը»։
Մարկեսը չէր հավատում, որ իր գլխավոր վեպը կարող է հաջողությամբ էկրանավորվել։ Գրքի որոշ սյուժեներ, նրա խոսքով, ժամանակին արտադրողների կողմից մերժվել են որպես «անիրատեսական», ասում էին՝ հանդիսատեսին դա դուր չի գա։
Մարկեսի կենդանության օրոք նկարահանվել են նրա մյուս վեպերը, սակայն նա հրաժարվել է վաճառել «Հարյուր տարվա մենություն» ֆիլմի իրավունքները։ Բայց նա չի արգելել իր մահից հետո որդիներին՝ Ռոդրիգոյին և Գոնսալոյին, այդ գործն իրագործել։ Նրանք դարձան երկար սպասված սերիալի պրոդյուսերները։
«Հարյուր տարվա մենություն»-ը իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։
Գիրքը բաղկացած է 20 անվերնագիր գլուխներից, որոնցում նկարագրվում են Մակոնդոյում և Բուենդիաների ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները։ Հերոսների անուններն անընդհատ կրկնվում են՝ միավորելով ֆանտազիան և իրականությունը։ Առաջին երեք գլուխներում պատմվում է մի խումբ մարդկանց վերաբնակեցման և նրանց կողմից Մակոնդո գյուղի հիմնադրման մասին։ 4-16 գլուխներում նկարագրվում է բնակավայրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական զարգացումը։ Վերջին գլուխներում ցույց է տրվում գյուղի անկումը։