Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Երևանի Ռուսական արվեստի թանգարանում, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի տարբեր թանգարանների և մասնավոր հավաքածուների կշեռքները կցուցադրվեն «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսի բացման արարողության շրջանակում, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը։
Կշեռքի խորհուրդը կներկայացվի միջնադրայան մանրանկարչության, քանդակագործության օրինակներով, հավելել են ԿԳՄՍՆ-ում։
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ, որի ընթացքում կկազմակեպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։
«Կշեռքի հիմքում ընկած է մարդու անատոմիան: Մարդն առաջին անգամ երկու ձեռքի ափն օգտագործեց՝ հասկանալու ապրանքի քաշը, «ծանր ու թեթև արեց» այն՝ գնահատելու և փոխանակելու համար։ Կշեռքի գյուտը տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում, երբ առևտրական կապերն ընդարձակվում են»,- ասված է հրապարակման մեջ։