Ադրբեջանի իշխանությունը ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանք հայկական վանական համալիրը 2-րդ անգամ ադրբեջանական ժառանգություն են ներկայացրել, հայտնել են «Թաթոյան» հիմնադրամից։
«Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը»,- ասված է հրապարակման մեջ։
Հիմնադրամից ընդգծել են, որ տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր են ստեղծվում։
«Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ»,- եզրափակել են հիմնադրամում։
2024-ի փետրվարի 1-ին հիմնադրամը հայտնել էր Ադրբեջանի ծրագրերի մասին, որտեղ հայկական տաճարներն ադրբեջանական էին համարել։ Հիմնադրամից տեղեկացրել էին, որ ադրբեջանական իշխանության՝ Հայաստանի զավթման ծրագրով, Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը «պատկանում են հինավուրց Ադրբեջանին», իսկ Հառիճավանքը ներկայացնում որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք: 2024-ի փետրվարին ադրբեջանական էին համարել նաև հայկական Նորավանք և Սաղմոսավանք վանական համալիրները։