«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ «Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում»։
Ըստ ընկերության, այդ խմբավորումը խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող մարդկանց, այդ թվում սեփական համայնքի բնակիչների սննդի մատակարարումը, կեղտաջրերի և աղբահանության մեքենաների ազատ ելումուտը` ստեղծելով հումանիտար լուրջ խնդիր։
««Լիդիանը» ստիպված էր սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները` տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները և ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։