ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 14-ին ևս գումարել է նիստ:
2020-ի ռազմական դրությամբ պայմանավորված գերատեսչությունը ինչպե՞ս և ի՞նչ ծրագրերի շրջանակում է ծախսել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարները:
Հանձնաժողովականների բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով պաշտոնավարել է 2020-ի նոյեմբերի 20-ից մինչև 2021-ի ապրիլի 23-ը:
Նախկին պաշտոնյան փաստել է, որ պատերազմով պայմանավորված՝ գերատեսչության կողմից սոցիական ծրագրերն իրականացվել են բացառապես նախարարության միջոցներով և ներքին վերաբաշխումներով: Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունը հիմնադրամի հետ որեւէ բյուջետային գործընթաց չի ունեցել և ուղիղ ֆինանսավորում չի ստացել: Հիմնադրամի միջոցներից որոշակի վերաբաշխումներ կատարվել են Ֆինանսների նախարարության կողմից: Հատկացումներն օգտագործվել են Արցախից տեղահանված ընտանիքների կեցության ապահովման համար: Հայաստանում հյուրընկալ ընտանիքներին յուրաքանչյուր ամիս մեկ չափահաս անձի համար փոխատուցվել է 30.000, իսկ Արցախում՝ 45.000 դրամ: Նախկին պաշտոնյան փաստել է, որ ծրագրից օգտվել են ԱՀ վերահսկողության տարածքից դուրս մնացած բնակավայրերի քաղաքացիները՝ շուրջ 9000 ընտանիք: Շահառուների փաստացի փոխհատուցումը սկսվել է 2020-ի դեկտեմբերի 1-ից: Աջակցության ծրագրի շրջանակում արցախցի կենսաթոշակառուներին ԱՀ-ի կողմից տրվող կենսաթոշակներին զուգահեռ ՀՀ համապատասխան գերատեսչությունը որպես օգնություն յուրաքանչյուրին փոխանցել է 68.000 դրամ:
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ առաջիկայում կլինեն նաև աշխատանքային ձևաչափով քննարկումներ, կհրավիրվեն ներկա և նախկին պաշտոնյաներ: