Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.8%-ով։ Այս մասին տեղեկացնում են Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 39.9%-ը կամ 33.9 հազար մարդ՝ նախորդ տարվա 33,1 հազարի փոխարեն։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.3%-ը, կամ 58.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.4%-ով:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,2%-ը, կամ 37.3 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 10.9 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 2.5 հազար մարդ:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 12.8%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.7%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.8%-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.8%-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում են մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները: