«Տաշիր» ընկերությունների խումբը հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։
Հայ ձեռներեցներին աջակցելու և արտահանումը խթանելու նպատակով «Հայ գործարարների ասոցիացիան» և «Տաշիր» ընկերությունների խումբը Մոսկվայում հայկական արտադրողների համար կբացի «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնը։
«Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ հայ արտադրողների համար ճանապարհ է բացվում դեպի ռուսական շուկա։ Այն հնարավորություն կընձեռի հայ արտադրողին դրսի շուկայում պատշաճ ներկայանալ։ Նորաբաց առևտրի կենտրոնը բազմաթիվ հնարավորություններ կտա հայ ձեռներեցներին։
«Լայն հնարավորություններ են ունենալու ձեռներեցները։ Տարածքային առումով աննախադեպ առևտրային կենտրոն է լինելու։ Պայմանները շահավետ են լինելու, բացի դրանից՝ բավականին ընդարձակ տարածք է հատկացվելու, որ առևտուրը նաև ֆուռերից իրականացվի, սա ՌԴ-ի համար մեծ գործոն է։ Սուպերմարկետներն սիրում են օգտվել հայկական արտադրանքից»,- մատանանշեց Ղումաշյանը։
Արդեն իսկ հայ արտադրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել։ Գոհար Ղումաշյանի խոսքով՝ 200-ից ավելի հայ արտադրող զանգում և ծանոթանում են պայմաններին։
«Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրենը վստահեցնում է՝ անելու են ամեն ինչ, որ հայ արտադրողն իրացման սեզոնին խնդրի առաջ չկանգնի, այս հարցում համագործակցում են Էկոնոմիկայի նախարարության հետ։
«Բոլոր այն խնդիրները, որոնք հայ արտադրողների մոտ ՌԴ-ում կծագեն, այդ հարցերով կզբաղվենք։ Պահեստավորման մեծ հնարավորություններ ունենք, որն աննախադեպ է ռուսական շուկայի համար։ «Բուխտա Յուգ»-ը նաև համագործակցելու է տարբեր ընկերությունների հետ՝ հայ արտադրողների համար առևտրի ճանապարհ բացելու համար»,- կարևորեց մեր զրուցակիցը։
Սա միակ ծրագիրը չէ, որ «Հայ գործարարների ասոցիացիան» պատրաստվում է իրականացնել։ Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը փակագծեր է բացում․ ամռանը՝ հունիսի 1-ին, կանցկացվի «Buissup Conference»:
«Կանցկացվի նաև Buissup Global Forum-ը։ Մեկ շաբաթվա ընթացքում սկսնակ գործարարները և ստարտափ ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց բիզնես ծրագրերը ներկայացնել։ Մենք էլ կընտրենք լավագույնները, որոնք էլ կմասնակցեն Armenian Bizness Forum-ին։ Այն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կկայանա սեպտեմբերի 20-ին Երևանում, որը հնարավորություն կտա Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ներկայացրեց նա։
Գոհար Ղումաշյանը հիշեցրեց, որ անցյալ տարի «Հայ գործարարների ասոցիացիան» 1 մլն 200 000 դոլարի ներդրումային ծրագիր է ներկայացրել։ 2021 թվականի լավագույն ստարտափ ծրագրերից 7-ն արդեն կյանքի է կոչվում, մնացածներն էլ մինչև աշուն կիրագործվեն։
«Հայ գործարարների ասոցիացիան» խոստանում է՝ այս տարի ևս ներդրումային գումարի չափը նախորդին չի զիջի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին «Հայ գործարարների ասոցիացիան» անցկացրել է Buissup Global Forum-ը, իսկ սեպտեմբերի 20-ին էլ կայացել էր հայկական բիզնես ֆորումը, որը նոր ազդակ հաղորդեց ՀՀ տնտեսության ներուժի զարգացմանը։
Ի դեպ, «Հայ գործարարների ասոցիացիան» ստեղծվել է ազդեցիկ հայազգի գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի հզորացման, երկու երկրների շուկաները միմյանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով։
Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով հիմնադիրների շարքում է միավորել այնպիսի հաջողակ հայ գործարարների, ինչպիսիք են Կամո Ավագումյանը, Արթուր Ջանիբեկյանը, Հայկ Իգնաթյանը, Վարուժան Արթենյանը, Կարեն Ավագումյանը և Արմեն Շահազիզյանը: