Մարտի սկզբին Բուլղարիա կայցելի գինեգործական ոլորտի հայկական ընկերությունների պատվիրակությունը, որտեղ նրանց համար կկազմակերպվի այցելություն Պլովդիվի «VINARIA 2022» միջազգային գինու ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է bourgas.ru-ն, այցը կիրականացվի գինեգործական ոլորտում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առևտրին աջակցելուն ուղղված նախագծի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ EU4Business նախաձեռնության շրջանակներում՝ եվրոպական շուկայում հայկական գինու ճանաչելիության բարձրացման նպատակով:
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 1-3-ը Երևանում հանդիպումներ են տեղի ունեցել բուլղարացի գինեգործների և գինու վաճառքով զբաղվող ընկերությունների միջև՝ հայ գործընկերների հետ: Բուլղարացի մասնակիցները ծանոթացել են Հայաստանում առևտրային միջավայրին և ներդրումային հնարավորություններին: Այցի ծրագիրն իր մեջ ներառում էր կոնֆերանս, որտեղ ներկայացված էր երկրի տնտեսական զարգացման և վերջին տարիներին գինեգործական հատվածի մասին տեղեկատվությունը: Բուլղարացի ներկայացուցիչները նաև մի շարք երկկողմ հանդիպումներ են ունեցել հայաստանյան ընկերությունների և բիզնեսի աջակցման կազմակերպությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման և հնարավոր համաձայնագրերի կնքման նպատակով: Այցի արդյունքներով ստորագրվել է համագործակցության հուշագիր։