Համաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի ամբողջական հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա էական ազդեցություն չի ունենա։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կարեն Ադոնցը։
Նա արձանագրեց, որ SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումները մասնակի են, իսկ ՌԴ-ն էլ ունի իր ներքին համակարգը, եթե այն գործարկի, ապա հնարավոր է մեր երկրի բանկային և ֆինանսական համակարգը խուսափի խնդիրներից։
«Միջբանկային նոր համակարգով հնարավոր է դա իրականացնել։ Միակ խնդիրը, որ կարող է ծագել սահմանափակումների հետևանքով, դոլարային ակտիվների շարժն է։ Սակայն, չեմ կարծում, որ այս պահին պետք է սպասել լուրջ հարվածների։ Հարվածները մեծ չեն լինի, մեզ համար էական է ռուսական ռուբլու փոխարժեքը, այս հացում մենք խնդիրների կունենանք»,- փաստեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների` ՀՀ տնտեսության վրա հնարավոր անուղղակի ազդեցություններին, դրանք, ըստ Կարեն Ադոնցի, հիմնականում երեքն են. փոխարժեք, արտահանում ու տրանսֆերտներ։
Մասնագետի դիտարկմամբ՝ ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ արդեն իսկ թուլացել է ու հետագայում էլ շարունակվելու է արժեզրկվել։ Սա, իհարկե, ազդելու է հայ արտահանողների վրա, որովհետև նրանք կորցնելու են գնային մրցունակությունը։
«Այս հարցում արդեն բացասական հետևանքներ կունենանք։ Տարեկան մոտ 800 մլն դոլարի արտահանում է կատարվում դեպի ՌԴ։ Ստեղծված իրավիճակի պատճառով հայ արտադրողները հնարավոր է այլևս շահագրգռված չլինեն արտահանել ապրանքը, պարզ է, որ փակուղային վիճակ կլինի։ Խոսքը և՛ գյուղմթերքի, և՛ վերամշակված ապրանքների, և՛ տեքստիլ արտադրանքի մասին է»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ տրանսֆերտների կրճատումը ևս բացասական ազդեցություն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։
Մյուս կողմից էլ, Ադոնցի խոսքով, ՌԴ-ից արտահանվող ապրանքները կէժանանան, որից դարձյալ կտուժենք․ այն կդժվարացնի ներքին շուկայի մրցակցությունը։
«Ներմուծվող ապրանքն ավելի էժան կլինի, տեղական արտադրողներըմրցակցության մեջ կհայտնվեն։ Պետք է նկատի ունենալ, որ ՌԴ-ում նաև պահանջարկը կընկնի։ Երբ մարդկանց գնողունակությունն ընկնի, սպառումը կթուլանա, դա էլ կազդի մեզ վրա, մասնավորապես՝ կհարվածի մեր արտահանողներին»,- մատնանշեց տնտեսագետը։
Կարեն Ադոնցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի հայ արտադրողին։
Նա նշեց, որ Հայաստանի արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ միայն մեկ շուկայի հույսով տնտեսություն պահելը խիստ վտանգավոր է։
«Աշխարհում կան 100-ից ավելի ազգային շուկաներ, իսկ մենք կիսաներկա ենք 2-3 շուկաներում։ Վաղուց այդ մասին բարձրաձայնել ենք, առաջարկներ ենք ներկայացրել։ Սակայն, զարգացման հարց չի դրվում։ Մենք մեր երկրի տնտեսության զարգացման համար հեռանկար չենք դնում։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր շուկայական միջավայրն ընդլայնենք»,- եզրափակեց փորձագետը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ։
Հիշեցնենք նաև, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ռուսական ռուբլին անկում է գրանցել։ Այսօր որոշ հայաստանյան բանկերում ռուբլու փոխարժեքը հասել է 2 դրամի։