Իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջ խիստ մտահոգիչ է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված է ոչ միայն մեծ սփյուռքով, այլև սերտ առևտրատնտեսական կապերով։
Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միանշանակ կազդեն նաև Հայաստանի վրա։ Ավելին, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ ազդեցությունը դառնա բացառապես բացասական, նշել է Քերոբյանը։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունները քայլեր են ձեռնարկելու միջազգային շուկաներ դուրս գալու այլ ճանապարհներով, որոնցից մեկը, թերևս, կլինի Հայաստանը։ «Մենք մեր աշխատանքն այնպես ենք կառուցում, որ չեզոքացնենք բոլոր սպառնալիքները, և եթե կան որոշակի հնարավորություններ, ապա ակտիվորեն օգտագործենք դրանք»,- ասաց նախարարը։ Միաժամանակ, Քերոբյանը դժվարացավ կանխատեսել ապագա իրավիճակը՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ՝ նշելով, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել, խուճապի չմատնվել, բայց չուշանալ՝ տնտեսական ներուժը չկորցնելու համար։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ռուսական ռուբլին անկում է գրանցել։ Այսօր որոշ հայաստանյան բանկերում ռուբլու փոխարժեքը հասել է 2 դրամի։