Գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է «Գազպրոմ Արմենիայի» հայտը։ Այնուամենայնիվ, նոր սակագները սահմանվել են ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա, որով անապահով խավի համար բարձրացում չի լինի։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, Armenia Today-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին, նախ ընդգծեց թանկացումների ազդեցությունը՝ ընդհանուր համատեքստում։
«Առհասարակ ցանկացած թանկացում, կապ չունի՝ գազ է, թե այլ ծառայություն կամ ապրանք, բացասական հետևանք է ունենում։ Յուրաքանչյուր թանկացում իր չափով է բացասական հետևանք թողնում սպառողի վրա։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տարբեր բնագավառներում ենք թանկացումներ տեսել։ Այդ բոլորի հանրագումարը դժվարություններ է բերում սպառողների համար։ Ավելի հստակ՝ մեկ ապրանքի կամ ծառայության թանկացումն այդքան չի ազդում, որքան այդ բոլորի հանրագումարը։ Նման ազդեցություն է լինում առավել ևս այն դեպքում, երբ սպառողների եկամուտները չեն բարձրացել»,- ասաց նա։
Չիլինգարյանը շեշտեց, որ թեպետ սովորական սպառողների եկամուտները չեն բարձրանում, բայց պետական ապարատի, հասարակության որոշ հատվածների՝ մասնավորապես քննիչների, դատախազների եկամուտները բարձրանում են։
«Այս ամենը, մեծ հաշվով, բացասական ֆոն է ստեղծում, այս ամենը հանգեցնում է աղքատության շեմի բարձրացմանը»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է գազի սակագնին, նա շեշտեց․ «Մասնավորապես գազի սակագնի բարձրացումից տուժելու են և՛ սպառողները, և՛ տնտեսվարողները։ Այս հանգամանքը նաև նոր թանկացումների է բերելու։ Այն տնտեսվարողները, որոնց ստեղծած արտադրանքը կապված է գազի հետ, գների բարձրացման ճանապարհով են գնալու։ Մենք որոշ ապրանքների գների աճ ենք տեսնելու։ Իսկ բոլոր թանկացումների հանրագումարը կրկին հարվածելու է տնտեսությանը»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։
Այս համատեքստում խոսելով նաև ռուբլու արժեզրկման գործոնի մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը նաև մեր տնտեսության վրա է ազդելու։
«Սպառող հանդիսացող մեր մեծաթիվ քաղաքացիներ արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ, նրանց ընտանիքներն այստեղ գոյատևել են տրանսֆերտների հաշվին։ Այս դեպքում նրանց բյուջեն կպակասի, ինչն իր հերթին կազդի տնտեսության վրա։ Բացի այդ, մեր հիմնական արտահանումը դեպի ՌԴ է՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այս պարագայում դժվար չէ պատկերացնել, թե մեր տնտեսվարողներն ինչպիսի կորուստներ կունենան»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հանգամանքն իր շղթայաան ազդեցությունը կունենա նաև մեր քաղաքացիների վրա։