Ձվի շուկայում չհիմնավորված ցածր գնի սահմանում չի կարող լինել, քանի որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա պարզաբանեց, եթե տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3 տոկոսը։
«Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնի իջեցմանը, որը կապվում է «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ, հայտնում եմ, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի հասնում 10 տոկոսի։ Հետևաբար, ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»,- նշեց նա։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բացատրեց, որ ձվի շուկան կայացած չէ, այդ իսկ պատճառով էլ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, որն ազդում է տնտեսվարող սուբյեկտների վրա։ Նա վստահեցրեց, որ շուկայում վերահսկողություն է իրականացվում և հիշեցրեց նախորդ տարվա օրինակը, երբ երկու ընկերության նկատմամբ վարույթ են իրականացրել և պատասխանատվության ենթարկել։
«Փոքր տնտեսվարողները չեն կարող շուկայի վրա ազդեցություն ունենալ։ Ես ցավում եմ, որ որևէ տնտեսվարող փակվում է, որ գործերն իր պլանավորածով չեն գնում»,- նկատեց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան իջեցրել է ձվի գինը ու հավկիթը վաճառվում է 30-ից 35 դրամով։ Սակայն, մյուս տնտեսությունների պնդմամբ՝ շուկայում ձվի գինն արհեստականորեն է իջեցվել, ինչից իրենք վնասներ են կրում։
Մրցակցությանը դիմանալու համար մյուս խոշոր տնտեսվարողները ստիպված գնում են նույն քայլին։
Տնտեսվարողները զգուշացնում են, որ նման գործելաոճը կարող է հանգեցնել միջին և մանր տնտեսվարողների սնանկացման։ Արդեն իսկ թռչաֆաբրիկա է փակվել։ Փետրվարի 2-ին «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան հայտարարեց իր լուծարման մասին։ Ընկերությունն իր մոտ 8 հազար հավերը բաժանել է քաղաքացիներին՝ փակելով բիզնեսը։