Անցած ութ տարիների ընթացքում «Գազպրոմ» ընկերության հետ բազմաթիվ խնդիրների պատճառով գազի կալորիականության հարցը մշտապես հետաձգվել է, թեև միշտ էլ եղել է պայմանագրի հիմքում։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ հիմա հնարավորություն է ստեղծվել կալորիականությունը համապատասխանեցնել սպառման ծախսի հետ, բայց դա ամենևին չի նշանակում, թե սպառողն էական տարբերություն է զգալու վճարելիս։ Բաղրամյանը դա բացատրեց նրանով, որ կալորիականության բարձրացմանը զուգահեռ գազի սպառումն է նվազելու, ինչի արդյունքում վճարը նույնպես ցածր կլինի։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ձեռքբերում է սահմանին գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար սակագինը պահպանելը, այն դեպքում, երբ Եվոպայում նույնքան գազը 2400 դոլար արժե։ Բացի այդ՝ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքների չի վերաբերի գազի գնի փոփոխությունը։