Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով:
Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի նշումով: Նախագծի նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է, այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը:
Հավելենք, որ նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարել ենք մի էական փոփոխություն, այն է՝ սահմանափակել ենք պահանջները 200 քմ-ից պակաս մակերես ունեցող առևտրի օբյեկտներում՝ հաշվի առնելով այն, որ 200 քմ-ից պակաս մակերես ունեցող խանութներում գործնականում շատ մեծ բարդություններ կառաջացներ օրենքի պահանջի պահպանումը։
Եվ այսպես, կաթնային յուղի փոխարինիչ պարունակող և կաթնային ճարպ պարունակող կաթնամթերքը հատուկ տեղ ու մակնշում կունենա խանութներում, որպեսզի սպառողները կարողանան տեսնել այն ապրանքները, որոնք մաքուր կաթնամթերք չեն և հավելումներ ունեն։