Երբ անշարժ գույքի գործալակությունները տեսնում են, որ բնակարանների և օֆիսային տարածքների մեծ պահանջարկ կա, գները բարձրացնում են։ Սա շուկայական հարաբերություններում ընդունված պրակտիկա է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։
Ինչպես կարծում է Ավետիսյանը, թեև Երևանի կենտրոնում դատարկ տները շատ են, սակայն վարձակալությամբ տրվող բնակարանների թիվը քիչ է։ Իսկ երբ ինչ-որ բանի պահանջարկը մեծանում է, բայց առաջարկը միանգամից չի կարողանում աճել, աճում է գինը։
Խոսելով աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով Ռուսաստանից Հայաստան եկած մեծաթիվ մարդկանց մասին, որոնց ներհոսքով է պայմանավորված Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, բնակարանների վարձակալության գների ավելացումը՝ տնտեսագետն ասաց․
«Այս ներհոսքը ժամանակավոր է։ Մարդկանց մեծ մասը եկել է ոչ թե այստեղ մնալու, այլ բանկային հաշիվներ, բիզնեսներ բացելու համար (իհարկե՝ թղթի վրա)։ Ու քանի որ Հայաստանն և Ռուսաստանը ներկրման և արտահանման նույն տնտեսական տարածքներում են և բոլոր ապրանքների համար գործում են նույն տարիֆները, մարդիկ կարողանալու են Ռուսաստանում նստած՝ Հայաստանի իրենց բանկային հաշվից անել իրենց գործարքները։ Այնուամենայնիվ, հարկերը վճարելու են Ռուսաստանում»։
Ինչպես պարզաբանեց մասնագետը, շրջանառությունները միգուցե կերևան Հայաստանում, սակայն արժեքը կգնա Ռուսաստան։
«Հատուկ խանդավառության որևէ առիթ չեմ տեսնում»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ «տնտեսական բում»-ի, նույնիսկ՝ տնտեսական աճի սպասել պետք չէ։ Նրա խոսքով՝ հայկական ենթակառուցվածքները տնտեսական աճ ապահովելու պատրաստ չեն։ Նույն բնակֆոնդը, որը, տնտեսագետի խոսքով, նույնպես ենթակառուցվածք է, գնաճ է գրանցում միայն այն պատճառով, որ պատրաստ չէ ապահովել այլընտրանքային առաջարկ։
Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան եկած ժողովրդին՝ Ավետիսյանը ենթադրեց, որ նրանք տեղեկատվական տեխնոլոգիաների վրա աշխատող մասնագետներ են, որոնց՝ Հայաստան գալու միակ նպատակը արտասահմանյան գործընկերների հետ կապը պահպանելու հնարավորությունն է, ինչը Ռուսաստանում դժվարացել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։
Արաքսյա Սնխչյան