Կառավարությունն առաջարկում է բարելավել փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը։
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:
ԱԺ հանձնաժոցովի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով
ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:
Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:
Տնտեսագետ Կարեն Ադոնցը դրական է գնահատում օրինագիծը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ցանկացած քայլի ձեռնարկում բիզնեսի պահպանման համար կարևոր է։
«Ռուբլու արժեզրկման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Իրավիճակը հիմա շատ բարդ է, արտահանման ուղղությամբ ևս կան խնդիրներ, հետևաբար, ցանկացած քայլ, որը կատարվում է տնտեսության աշխուժացման համար կարևոր է»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց Կարեն Ադոնցը։
Տնտեսագետի խոսքով՝ արտահանման շուկան անորոշ վիճակում է գտնվում, իսկ համաշխարհային տնտեսությունը ևս անկանխատեսել է։
«Թե՛ ռուսական, թե՛ համաշխարհային տնտեսության վիճակն այսօր լարված է։ Պետք է սպասել բացասական հետևանքների, թե դրանք ինչպիսին կլինեն, ընթացքը ցույց կտան։ Արտահանման ուղղությամբ աջակցություն ցույց տալու համար կառավարությունն անում է այն, ինչի հնարավորությունն ունի։ Խորքային քայլեր պետք է ձեռնարկել և իրականացնել»,- եզրափակեց նա։