Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության, չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,- ասաց վարչապետը:
Խոսելով հարկերի մասին՝ վարչապետն ասաց, որ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով:
«Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունն աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646 077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով: Վարչապետի խոսքով՝ 2019 թվականը մեր լավագույն տարին է եղել, և համեմատություններն այդ տարվա հետ են: