Ապրիլի մեկից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։
Դեռ 2022 թվականի մարտի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանված սակագները փոփոխել։
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։
Սոցիալապես անապահով սպառողների համար կապույտ վառելիքը չի թանկանա՝ ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։
Մասնավորապես, ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:
Ամսական մոտ 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ` ջերմոցային տնտեսությունների համար։