Հայաստանյան բանկերում դոլարը վերջին 8 տարիների ընթացքում իր նվազագույն շեմին է հասել։ Այսօր՝ ապրիլի 29-ին, այն հասել է 447,79 դրամի, որը 3,70 դրամով ցածր է, քան նախորդ օրը։ Ի՞նչի հետ է կապված դոլարի այսպիսի արժեզրկումը, որքա՞ն կտևի այս երևույթը, ինչպիսի՞ հետևանքներ կարող է դա ունենալ հայաստանյան տնտեսության վրա։ Այս ամենի մասին Armenia Today-ը զրուցել է տնտեսական վերլուծաբան, տ.գ.թ., Հայ ձեռներեցների ասոցիացիայի փորձագետ Էդգար Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դա մի քանի պատճառ ունի։
«Առաջին պատճառն այն արտարժույթներն են, որոնք Հայաստանում են հայտնվել Ռուսաստանից տեղափոխված մարդկանց կողմից․ նրանք այստեղ արդեն սկսել են ծախսել այդ գումարները։ Խոսքը ռուբլու և ԱՄՆ դոլարի մասին է։
Երկրորդ պատճառն այն է, որ ապրիլ ամսվա վերջում շահութահարկի վճարման ժամանակահատվածն է, և բոլոր հայկական ընկերությունները վճարում են նախորդ տարվա շահութահարկը։ Այստեղ արտահանող ընկերությունները, որոնց միջոցները արտարժույթով են ստացվում, մեծ քանակի դրամի պահանջարկ են ունենում, որպեսզի պետբյուջե վճարում կատարեն ազգային արժույթով։ Ահա թե ինչու է կտրուկ պահանջարկ առաջանում, որը բերում է կտրուկ փոփոխությունների։
Երրորդ պատճառը ռուսական որոշ բաների հետաքրքրությունն է հայկական դրամի նկատմամբ, որոնք նպատակ ունեն խթանել ներկրումը դեպի Ռուսաստան՝ դրամով։ Այս գործոնը դեռ էապես չի ազդել ՀՀ շուկայի վրա։
Չորրոդ պատճառը ոչ տնտեսական է։ Կենտրոնական բանկը կարող էր շուկա մտնել և որոշակի գործողություններով թույլ չտալ դրամի ամրապնդմանը։ Դա ենթադրում էր, որ ԿԲ-ն պետք է մեծ քանակությամբ արտարժույթ գներ՝ վաճառելով դրամ, իսկ դրամի ավելցուկը կառաջացներ գնաճ։ Ահա թե ինչու է ԿԲ-ն նախընտրում մնալ դիտորդի կարգավիճակում, քան մտնել շուկա և լինել խաղացողի դերում»,- ասաց փորձագետը։
Խոսելով հայաստանյան բանկերում առաջացած դրամական դեֆիցիտի մասին` տնտեսագետն ասաց, որ դա ավելի շատ մարդկային գործոնով է պայմանավորված։
«Բանկերը զգուշավոր են։ Նրանք ակնկալում են, որ տեղի են ունենալու որոշակի կուրսային փոփոխություններ և չեն ցանկանում ավելի ոչ ձեռնտու փոխարժեքով փոխանակում կատարել»,- ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է հայկական տնտեսության վրա դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման ազդեցությանը, մասնագետն ասաց, որ դրանից մեծապես տուժում են IT և արտահանող ընկերությունները։
«Քանի որ IT ընկերություններն աշխատում են արտաքին մատակարարողի հետ, գործարքները կատարում են դոլարով։ Ստանալով իրենց դոլարային հասույթները՝ նրանք մեծ վնասներ են կրում, քանի որ պետք է փոխեն դոլարային հասույթները, աշխատավարձ վճարեն աշխատակիցներին և հոգան բիզնեսի ծախսերը։ Ընկերությունների մեծ մասն ունի այդ ռիսկը և վնասներ է կրում։
Իսկ արտահանող ընկերությունները, որոնք ներքին շուկայից գնում են ավելի բարձր փոխարժեքով դրամական միջոցներ, իրացնում են ապրանքը՝ փոխանակելով ցածր փոխարժեքով»,- ասաց Էդգար Կարապետյանը։
Նշենք, որ ՀՀ առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 5,32 դրամով, վաճառքն իրականացվում է 6,57 դրամով։ Ամերիկյան դոլարն ընդունվում է 447,79 դրամով, վաճառվում՝ 457,85 դրամով։ Եվրոն գնվում է 467 դրաով, վաճառվում՝ 458,71 դրամով։
Արաքսյա Սնխչյան