Պաշտոնական տվյալներով` գործազրկությունը Հայաստանում մոտավորապես կազմում է 17 տոկոս, բայց իրականում այդ թիվը կարող է հասնել մինչև 25–28 տոկոսի։
Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, Armenia Today-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը։
«Հայաստանում աշխատաշուկան բարդ կառուցվածք ունի և բարդ վիճակում է գտնվում, քանի որ շատ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն ցանկանում գրանցվել որպես գործազուրկ, նրանք ովքեր պաշտոնապես գրանցվում են, միայն այդ թվերից ենք դատում գործազրկության մակարդակը։
Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վարակի տարածումից և պատերազմից հետո բիզնեսի որոշակի վերակենդանացում եղավ, վերագործարկումներ եղան, բացի դրանից՝ պետական ոլորտներում ևս բավականին աշխատատեղեր են գրանցվել, և շատ դեպքերում պետական ոլորտում աշխատատեղերի քանակը մասնավոր սեկտորի հիսուն տոկոսն է կազմում։ Չնայած դրան՝ ժողովուրդը մնում է դեռևս բավականին աղքատ, ինչը գնաճն ավելի շատ խորացրել է և բավականին շատ մարդիկ գործազուրկ են։ 1,7 միլիոն աշխատանքային ակտիվ տարիքում գտնվող քաղաքացիներից ընդամենը 654,660 հազարն է աշխատում՝ պետական ու մասնավոր սեկտորում միասին վերցրած։ Այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոնը չի աշխատում, սակայն նրանք չեն գրանցվում, քանի որ ինքնազբաղված են կամ իրենք իրենց ապահովում են, իսկ եթե գրանցվեին, շեշտակի գործազրկության թիվ կաճեր»,– ասել է նա։
Գագիկ Մակարյանը նշել է, որ երբ բիզնեսի հետ կապված ծրագրեր, քննարկումներ են իրականացնում, տեսնում են, որ որոշ համայնքներում համապատասխան գործատու կազմակերպություն չկա, հիմնականում՝ անհատ ձեռներեցներ են կամ փոքր ընկերություններ, այսինքն՝ մարզեր կան, որոնք որ ավելի կայացած ընկերությունների կարիք ունեն։ «Այսօր ներքին միգրացիան շատ ուժեղացել է, բոլորը ձգտում են դեպի Երևան»,– ասել է նա։
Անդրադառնալով թափուր աշխատատեղերին՝ Գագիկ Մակարյանը ներկայացրել է, որ կան ոլորտներ, որտեղ աշխատողների մեծ պահանջարկ կա՝ մասնավորապես շինարարության, արդյունաբերական ոլորտներում, և կան ոլորտներ, որտեղ ճիշտ հակառակն է, մասնագետներն են շատ՝ մասնավորապես հումանիտար ոլորտներում։
«Խնդիրրն այն է, որ մեր մեծամասնությունը տեխնիկական ոլորտներում կրթություն չի ստանում։ Բացի դրանից՝ հմտությունների պրոբլեմ կա, կրթական համակարգը չունի տեխնիկական բազա»,– ասել է նա՝ նշելով, որ գործատու կրթություն կապը խզված է և գնալով ավելի շատ է խզվում։
Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 68 հազարից 80 հազար դրամ դարձնելու խորհրդարանական ընդդիմության առաջարկը կառավարության կողմից մերժելուն, Գագիկ Մակարյանն ասել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսության աճին համապատասխան պետք է լինի, քանի որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվի, ապա մյուս աշխատվարձի շեմերն էլ պետք է բարձրացվի և թեև պետական համակարգում նվազագույն աշխատվարձ ստացողները ավելի քիչ են, մասնավոր հատվածում նրանց թիվն ավելի շատ է։
Գագիկ Մակարյանը նկատել է, որ Երևանում միջին աշխատավարձն ավելի բարձր է, քան մարզերում, առավել ևս՝ պետական ապարատը կենտրոնացած է Երևանում։
Հիշեցնենք, որ կառավարության հերթական վերջին նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատատեղերի՝ 2022 թվականի մարտ ամսվա բացարձակ ռեկորդ է գրանցվել:
Այսպիսով, նա հայտնել է, որ, մարտ ամսվա տվյալներով, արձանագրվել է 654 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 5,3 տոկոսով։
«2020 թվականը, որպես ճգնաժամային տարի, չենք էլ համեմատում, իսկ 2019 թվականի համեմատ աշխատատեղերն ավելի են 12,1 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ՝ 22,4 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր մենք ունենք 120 660 նոր աշխատատեղ»,- ասել է նա և հայտնել նաև, որ 2022 թվականի մարտի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է 243 607 դրամ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 32 202 դրամով կամ 15,5 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավելի է 59,730 դրամով կամ 32,4 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ ավելի է 69 530 դրամով կամ 39,9 տոկոսով: