Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, ինչպես նաև ժողովորդավարության ամրապնդմանը՝ ԱՄՆ մայրաքաղաքից տեսակապի միջոցով «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը։
«Ոչ թե միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել, այլ ստորագրվել են կոնկրետ փաստաթղթեր, որոնք, հուսով եմ, որ կնպաստեն ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը, այնպես էլ ժողովրդավարության ամրապնդմանը, որտեղ բավականաչափ մեծ բլոկ է կազմում մեր համագործակցությունն արդարադատության ոլորտում, արդարադատության ռեֆորմների գծով»,- նշել է Եգանյանը։
Մայիսի 2-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի՝ վերջին տարիների համար աննախադեպ երկարատև՝ հնգօրյա աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, որի ժամանակ Արարատ Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ամերիկյան դիվանագիտության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ ներառյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Վաշինգտոնում ստորագրվել է հայ-ամերիկյան երեք փաստաթուղթ՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, ինչպես նաև հակակոռուպցիոն ու իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։
Արմեն Եգանյանի խոսքով՝ մեկ տարի է պահանջվել հուշագրի ստորագրումը նախապատրաստելու համար․ – «Աշխարհը առաջ է գնում, կան նոր տեխնոլոգիաներ, մանավանդ միջուկային բնագավառում, և Ամերիկայի պես երկիրն ունի շատ զարգացած տեխնոլոգիաներ, մոտեցումներ։ Եվ այս հուշագրի առկայության պայմաններում մենք հնարավորություն կունենանք օգտվել որոշ չափով նաև ամերիկյան, այսպես ասած, գիտելիքներից, նվաճումներից, փոխանակումներ արվեն մեր գիտնականների միջև։ Եվ արդյունքում՝ ավելի անվտանգ միջուկային թե՛ ատոմակայան, թե՛ ընդհանրապես էներգետիկա ունենանք Հայաստանում»։