Armenia Today-ը «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել է «Հայ գործարարների ասոցացիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանին:
Չնայած այս դժվարին ժամանակներին՝ Հայ գործարարների ասոցիացիան, ինչպես գիտենք, ակտիվորեն խթանում և իրականացնում է Հայաստանի զարգացմանն ուղղված սկսնակ նախագծերին աջակցելու ծրագիր։ Նախորդ տարի, ինչպես գիտենք, ասոցիացիան ֆինանսավորել է 10 սկսնակ նախագիծ և այս ծրագրի իրականացումը շարունակվում է։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ասոցիացիայի մոտակա ծրագրերի մասին:
-Գոհար, խնդրում եմ պատմեք ասոցիացիայի մոտակա ծրագրերի մասին, մասնավորապես, նախատեսվո՞ւմ է առաջիկայում բացել ստարտափ նոր մրցույթի հայտերի ընդունում։
– Այս տարի նույնպես Հայ գործարարների ասոցիացիան շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ երիտասարդական գործարարության զարգացմանը: Մենք մեկնարկելու ենք մեր ծրագրերը, որոնք որ նվիրված են երիտասարդ, բիզնես մտածելակերպով օժտված գործարարներին, ապագա գործարարներին, և այս տարի ունենք արտերկրից ժամանած մի շարք երիտասարդ գործարարներ, որոնք շատ հետաքրքրված են մեր ասոցիացիայի ծրագրերով:
Առաջին ծրագիրը մենք կմեկնարկենք հունիսի 11-ին՝ Buissup կոնֆերանսը, որը կհամախմբի հազարից ավելի երիտասարդների, որոնք ունեն բիզնես ծրագրեր ու գաղափարներ: Մեր նպատակը շատ պարզ է՝ օգնել երիտասարդ ու ապագա գործարարներին, օգնել իրենց բիզնես ծրագրերն իրականացնել և որպես վերջնանպատակ՝ գտնել իրենց համար ներդրողների: Buissup կոնֆերանսի թեման այս տարի շատ հետաքրքիր է, կոչվում է Business: Next Station, այսինքն՝ մենք ներկայացնելու ենք այն խոսնակներին, որոնք կպատմեն նորարար տեխնոլոգիաների կիրառման մասին իրենց բիզնեսում, կխոսեն իրենց և՛ դրական, և՛ բացասական պատմությունների մասին, և իմ կարծիքով, ամենահետաքրքիրը՝ կկիսվեն իրենց փորձով: Այժմ նորարար տեխնոլոգիաները շատ զարգացած են, և Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ՏՏ ոլորտն ակտիվ տեմպերով է զարգանում: Մենք ուզում ենք ֆիքսվել այդ ոլորտի ձեռներեցների գործունեության վրա և որևէ կերպ խրախուսենք երիտասարդներին, որոնք զարգացնում են ոլորտը Հայաստանում:
Կոնֆերանսի ժամանակ ունենալու ենք ավելի քան տասը խոսնակ տարբեր երկրներից:
-Ինչո՞վ են տարբերվելու այս տարվա միջոցառումները նախորդ տարվա միջոցառումներից:
– Նախորդ տարվա միջոցառման ժամանակ ավելի քիչ էին մասնակիցները, մոտ 700-800, իսկ այս տարի` ավելի քան հազար մասնակից: Դեռ հայտադիմումները չբացված՝ մինչև օրս դիմել են բավականաչափ ծրագրեր: Մենք հայտադիմումների ընդունման հետաքրքիր կարգ ենք սահմանել և գործարարների ասոցիացիայի կայքում մասնակիցները կարող են լրացնել մեր հայտադիմումները, որից հետո մենք կֆիլտրենք մասնակիցներին: Արդեն պատկերացնում եմ՝ ինչքան շատ դիմորդ ենք ունենալու: Սահմանափակում չունենք, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում 1300 մասնակից կհավաքագրենք:
– Հաջորդ միջոցառումը Business: Next Station համաժողովն է: Որո՞նք են համաժողովի նպատակներն ու խնդիրները, քաղաքացիների ո՞ր կատեգորիաներին կհետաքրքրի այն, և որ ամենակարևորն է, ինչ կշահեն մասնակիցները՝ մասնակցելով այս միջոցառմանը:
-Կարծում եմ, որ Buissup կոնֆերանսը՝ Business: Next Station խորագրով, մասնակիցներին կտա հմտացում նորարարական տեխնոլոգիաների կիրառման մեջ, մեր հիմնական խոսնակները պատմելու են այն մասին, թե ինչ հաջողության և ձախողման պատմություններ են ունեցել իրենց բիզնեսը վարելու ընթացքում, ինչպես են կիրառել այդ նորարական տեխնոլոգիաներն իրենց բիզնեսի մեջ: Շատ կուզեի պատմել, թե ովքեր են լինելու մեր խոսնակները, բայց իմ կոլեգաները խնդրել են փակագծերը դեռ չբացել, քանի որ որոշ խոսնակներ առաջին անգամ են ելույթ ունենալու այդպիսի մեծ լսարանի առջև և կարծում եմ, որ Հայաստանի համար ունիկալ հնարավորություն է լսել այդ խոսնակներին: Բայց կարող եմ նախորդ տարվա փորձից ասել, որ երիտասարդները շատ ոգեշնչված են միջոցառումից դուրս գալիս և Buissup կոնֆերանսը ծրագրով մենք մեկնարկում ենք մեր հաջորդ ծրագրի սկիզբը:
Հաջորդ ծրագիրը` Buissup Global Forum-ը, որը հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ, արդեն երկրորդ տարին է նման մեծ ձևաչափով կազմակերպում: Buissap global forum-ն անցկացվելու է Դիլիջանում սեպտեմբերի 5-ից 11-ը: Դա կլինի երկրի ամենամեծ երիտասարդական բիզնես ֆորումը, և մենք շատ ուրախ ենք, որ ստանձնել ենք այդ պատասխանատվությունը, առաքելությունը , քանի որ այժմյան բոլոր բիզնես ծրագրերը հղկման կարիք ունեն: Մենք Buissup Global Forum-ի ընթացքում փորձելու ենք հղկել, կատարելագործել ու ավելի պրոֆեսիոնալ դարձնել բիզնես ծրագրերը: Մեզ դիմում են երիտասարդ գործարարներ, ստարտափ ընկերության հիմնադիրներ, որոնք կարիք ունեն իրենց գործող բիզնեսն ավելի ընդլայնելու կամ էլ իրենց գաղափարը դարձնել բիզնես ծրագիր: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր խոսնակների, մենթորների և քոուչների շնորհիվ, անցյալ տարի մեզ հաջողվեց ընտրել տասը լավագույն ծրագրերը երկուհարյուրից, որոնք անցան վերջնական փուլ՝ Armenian Business forum-ին , որտեղ արդեն ներդրողները ներդրումային պայմանագիր կնքեցին նրանց հետ:
– Armenia Today-ը գրել է անցյալ տարվա ստարտափ նախագծերի մրցույթի հաղթողների մասին։ Նախագծերը տարբեր էին ու շատ հետաքրքիր, ամենակարևորը՝ կիրառական։ Կպատմե՞ք՝ ինչպիսի՞ն է նախագծերի հետագա ճակատագիրը, ինչպե՞ս կարողացաք դրանք առաջ մղել վերջին մեկ տարվա ընթացքում։
Այդ ծրագրերը մեզ համար շատ հարազատ են դարձել: Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում իրենց հետ: Տաշիր ընկերությունների խմբի հետ համատեղ հայ գործարարների ասոցիացիան կնքեց գործակցության հուշագրերը և գրեթե բոլոր ծրագրերը ֆինանսավորման առաջին փուլը ստացել են: Իսկ մենք` որպես հայ գործարարների ասոցիացիա, հետևում ենք իրենց գործակցության գրագետ ընթացքին: Առաջին ներդրումային ֆինանսավորումը ստանալուց հետո այդ ծրագրերը մտել են իրականացման փուլ, որոշ ծրագրեր արդեն Հայաստանի շուկան գրավելուց հետո դուրս են գալիս արտերկիր: Մեծ ոգևորությամբ առաջ են տանում այն գաղափարները, որոնք իրենք ստեղծել են: Կուզեի մի շարք ծրագրերի մասին պատմել, որոնք Հայաստանի պատիվը բարձր են պահում, որը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ նորարար տեխնոլոգիաները մեր երկրում շատ զարգացած են:
Մանրամասները՝ տեսանյութում։