Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (այսուհետ Կոմիտե) նախագահ Աշոտ Մարտիրոսյանի աշխատանքից ազատվելու և նրան վերջնահաշվարկ վճարելու անհրաժեշտությամբ ներկայացված նախագիծը։
Աշոտ Մարտիրոսյանը պաշտոնավարել է 2008 թվականի սեպտեմբերի 17-ից 2022 թվականի ապրիլի 22-ը։ Աշխատանքային գործունեության ընթացքում, արտադրական անհրաժեշտությամբ, աշխատանքների հրատապությամբ պայմանավորված, վերջինիս կողմից չեն օգտագործվել նրան հասանելիք արձակուրդի օրերը։ Չօգտագործված արձակուրդի օրերը կազմել են՝ 149 օր, վերջնահաշվարկը կազմում է 9 596 756 դրամ։
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ և գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Նշված գումարը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարելու համար ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին 2022թ․ պետական բյուջեով հաստատված «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով կատարելու համար չի բավականացնում 5 000 000դրամ։ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2022թ․ պետական բյուջեով նախատեսված հոդվածներով ծախսերը ամբողջությամբ ամրագրված են պարտավորություններով և պայմանագրերով։ Իրավական ակտի ընդունման դեպքում կոմիտեն կկատարի իր պարտականությունները աշխատողի նկատմամբ։