Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև քաղաքացիները:
Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: