Հունիսի 3-5-ը Երևանում անցկացվում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնը։ Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան, գինեգործությունն ու զբոսաշրջությունը կրկին կհանդիպեն մեկ հարթակում։
Երևանի գինու օրերը Հայաստանն աշխարհի գինեսերների ամենասիրելի ուղղություններից մեկը դարձնելու և Երևանի սրտում մեկ բաժակ իսկական հայկական գինու վայելու լավագույն հնարավորություններից է։
Տեղացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն փորձելու հայկական տասնյակ ընկերությունների տեղական խաղողից և ոչ միայն խաղողից պատրաստված գինիներ ու համադրել դրանք համեղ խորտիկներով։
Հայտնի գինեգործների և Հայաստան ժամանած միջազգային սոմելյեները կանցկացնեն նաև վարպետաց դասեր։
Փառատոնը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրան ճանաչելիության բարձրացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կարևորում և աջակցում են գինեգործության և զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումները։
Նախորդ տարի «Գինու օրեր»-ին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել մոտ 15 000 զբոսաշրջիկ։
Նշենք, որ փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 1.00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։
Armenia Today-ի թղթակիցը ներկա է եղել փառատոնի բացմանն ու մի շարք տպավորիչ լուսանկարներ արել։