ԵԱՏՄ-ում ավելի սերտ տնտեսական ինտեգրման հարցում ոչ մի տեղաշարժ չի նկատվում, ընդհակառակը` տեղի է ունեցել ինտեգրացիոն գործընթացների որոշակի վատթարացում և դանդաղում։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
«Այդ պատճառով որակական ինչ-որ տեղաշարժերի մասին կարելի է խոսել միայն հատուկ ռազմական գործողության ավարտի արդյունքում, քանի որ տեսնում ենք, թե ընդհանրապես ինչ նշանակություն ունի այն Եվրասիական հետխորհրդային տարածքի համար և ոչ միայն»,- նշել է Լեպեխինը։
Նրա խոսքով` դա աշխարհաքաղաքական գործընթաց է, որին Ռուսաստանի հակառակորդների կողմից մասնակցում է գրեթե 40 երկիր, այսինքն` բոլոր արևմտյան երկրները` ոչ մեծ բացառությամբ, և այդ պատճառով Ռուսաստանի բոլոր, նույնիսկ մերձակա հարևանները, օրինակ` Ղազախստանը, զուսպ քաղաքականություն են վարում ինտեգրման հարցում:
Փորձագետը գտնում է, որ հազիվ թե հնարավոր լինի, որ Հայաստանը դառնա ԵՏՄ տարածքում ՏՏ ծառայությունների մատակարար, քանի որ այդ ծառայությունների պատվիրատուն չկա: «Ո՞վ է պատվիրելու Հայաստանից այդ ծառայությունները. Ղազախստանը, Ռուսաստանը կամ Բելառուսը դա չեն անի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով վերջին ամիսներին Հայաստան ժամանած ռուսական ՏՏ ոլորտի ներկայացուցիչները տեղափոխվում են այն երկրներ, որոնք առավելագույնս հարմարավետ են օդային հաղորդակցության, մուտքի արտոնագրերի առումով և չկան լեզվական խոչընդոտներ։
Նա ընդգծել է, որ նրանք վիրտուալ տիրույթում պահպանել են իրենց կապերը, վիրտուալ պատվերները ռուսական և արտասահմանյան պատվիրատուների հետ, իսկ հայկական ղեկավարությունից ոչ մի պատվեր չեն ստանա: «Ոչ մի նոր համայնք նրանք չեն կարող ստեղծել, և չեն էլ պատրաստվում։ Ուստի բոլոր հաշվարկներն ու հույսերը, որ Հայաստանը կամ «հայկական տարածքը» կդառնա IT-շուկայի ակտիվացման վայր, անհիմն են»,- հայտարարել է Լեպեխինը։
Քաղաքագետն առանձնահատուկ ռիսկեր չի տեսնում Հայաստանից և Իրանից դեպի Ռուսաստան ներմուծման օրինականացման հարցում։
«Իրականում դա Ռուսաստանի և Իրանի, այդ թվում` Հայաստանի միջոցով փոխհարաբերությունների օբյեկտիվ և հարկադրված ակտիվացումն է, և բոլորովին կարևոր չէ` դա օրինական է, թե անօրինական։ Իրանը և Ռուսաստանը ելք չունեն, և նրանք միանգամայն բնական կերպով ապօրինի կապեր են զարգացնում։ Երկու կողմերն էլ պատժամիջոցների տակ են, այժմ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրական համագործակցության կտրուկ ակտիվացում է տեղի ունեցել, նոր համաձայնագրեր են ստորագրվել, և այդ պատճառով ՌԴ-ն իր շատ խնդիրներ կփորձի լուծել Իրանի միջոցով, քանի որ այնտեղ սարքավորումներ մատակարարելու համար կան որոշակի ուղղություններ և այլն»,- հայտարարել է Լեպեխինը:
«Համենայնդեպս, Ռուսաստանի և Իրանի համար հստակ ռիսկեր չկան. պատժամիջոցներ կան և ցանկացած պահի դրանք կարող են ուժեղանալ, բայց երկու երկրներն էլ արդեն ուշադրություն չեն դարձնում պատժամիջոցներին և ինչ-որ կերպ հարմարվում են իրավիճակին։ Այդ պատժամիջոցները Հայաստանի վրա, իհարկե, կարող են անդրադառնալ, բայց մյուս կողմից` Արևմուտքում ինչ-որ շահագրգիռ սուբյեկտներ չկան, որպեսզի բացասական որոշումներ կայացնեն Հայաստանի նկատմամբ»,- ասել է նա։