Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս «Հայ գործարարների ասոցիացիան» «Տաշիր» ընկերությունների խմբի հետ կազմակերպել է լայնածավալ միջոցառումներ, որոնցից մեկն այս տարվա Buissup Conference-ն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Վերջինս հայտնեց, որ միջոցառումը համախմբել է 1400 մասնակցի, որը բավականին մեծ չափանիշ է։ «Հայաստանի համար մեկ հարթակում այսքան բիզնես մտածելակերպով օժտված երիտասարդների համախմբումը մեծ պատիվ է. բոլոր այս երիտասարդներն ունեն բիզնես-գաղափարներ, բիզնես ծրագրեր, որոնցով դիմելու են մեր հաջորդ միջացառմանը՝ Buissup Global Forum-ին, և ամենահաջողված ծրագրերը կմասնակցեն Armenian Business Forum-ին, որը կկայանա սեպտեմբերի 20-ին. այդ ժամանակ նրանք հնարավորություն կունենան ներդրումային պայմանագրեր կնքել»,- նշել է Ղումաշյանը։
Armenia Today-ի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվելու ստարտափները, Ղումաշյանը նշեց, որ ծրագրերի ընտրության կարևորագույն սկզբունքը դրանց՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված լինելն է։ «Այսինքն՝ ծրագրերը պետք է լինեն նորարար տեխնոլոգիաներով հագեցած, որպեսզի տնտեսական աճն ապահովված լինի։ Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագրերը սկսվեն իրականացվել հենց Հայաստանում, ծագումնաբանությունը լինի հայկական, իսկ հետագայում մենք կընդլայնենք աշխարհագրությունը՝ դուրս հանելով այդ ծրագրերն արդեն արտերկիր»,- նշեց նա։
Ղումաշյանը հայտնեց, որ այս տարվա Buissup Conference-ը կոչվում է «Business: Next station»։ «Մենք խոսելու ենք բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին, և թե ինչպես են դրանք ազդում բիզնեսի զարգացման և աշխարհագրության ընդլայնման վրա։ Մեկ ամիս առաջ մենք սկսել ենք հավաքագրումը, և բոլոր այն երիտասարդները, որոնք մտահոգված են իրենց բիզնես ծրագրերն ավելի հասանելի դարձնել ներդրողներին, բոլորն այսօր այստեղ են, ունենք մասնակիցներ արտերկրից՝ մասնավորապես ՌԴ-ից, տարիքային և ոլորտային սահմանափակում չունենք։ Այստեղ ներկա են այն համարձակ երիտասարդները, որոնք բիզնես մտածելակերպով են օժտված և ուզում են օգտակար լինել երկրի զարգացմանը»,- նշեց «Հայ գործարարների ասոցիացիայի» նախագահը։
Անդրադառնալով ներդրումային ֆոնդի ծավալներին՝ Ղումաշյանը նշեց, որ անցյալ տարի ներդրումային պոտենցիալը կազմել է ավելի քան 1 մլն 200 մլն դոլար։ «Այս տարի, քանի որ դեռ չենք տեսել այն ծրագրերը, որոնցով դիմելու են, դժվարանում եմ ասել, բայց ամեն ինչ անում ենք, որ ավելի շատ լինի ներդրումային պոտենցիալը»,- նշեց նա։
Ըստ Ղումաշյանի՝ մասնակցության բավականին մեծ ակտիվություն է եղել։ «Մենք ունեցել ենք 2600 դիմում, որից կարողացել ենք ընդամենը 1300 նստատեղ ապահովել, և մի մասը նաև ոտքի վրա են կանգնած՝ դահլիճը սահմանափակումներ ունի։ Քանի որ դիմորդները շատ են եղել, փորձել ենք ֆիլտրել, ունեցել ենք շատ կարևոր հարց՝ ինչպե՞ս եք պատկերացնում բիզնեսն ապագայում, և այդ հարցի պատասխանները լսելով՝ որոշել ենք, թե ովքեր են մասնակցելու այսօրվա միջոցառմանը։ Մեր հայ երիտասարդները շատ զարգացած են, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետում են, և կարծում եմ՝ այս իմաստով «Հայ գործարարների ասոցիացիայի» համար մեծ պատիվ է համախմբել բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են մասնակցել երկրի զարգացմանը»,- նշեց Ղումաշյանը։