Հայաստանն ապագայում լինելու է շատ զարգացած երկիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
«Մենք պետք է այսօր ստեղծենք այն բիզնեսները, որոնք վաղը զարգացած երկրում տեղ կգտնեն։ Մենք չենք կարող ստեղծել բիզնեսներ, որոնք հարկավոր կլինեն հետամնաց երկրիներին։ Բայց եթե մենք ուզում ենք ստեղծել բիզնեսներ, որոնք ապագայում Հայաստանում են լինելու, դրանք պետք է իրենց գաղափարախոսությամբ, առաքելությամբ լինեն գլոբալ և առաջընթացին միտված»,- նշեց Փախչանյանը։
Armenia Today-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ունի ներդրումային ֆոնդերի ներգրավման հնարավորություն, Փախչանյանն արձագանքեց. «Հայաստանում «վխտում են» ներդրումային ֆոնդերը։ Հայաստանն ունի մեկ խնդիր՝ ձևավորվել համառ թիմեր, որոնք պատրաստ են հասնել մեծ նպատակների։ Սա է, որ մենք պետք է «աճեցնենք»։ Ես ամենօրյա ռեժիմով խոսում եմ ներդրողների հետ»,- հայտնեց նա։
Մեր այն հարցին, թե ինչն է այդ դեպքում Հայաստանի գրավականը, Փախչանյանն ասաց՝ պոտենցիալը, տաղանդը, գաղափարները։
«Հանգիստ ապրող, խաղաղ հոգեվիճակում գտնվող ազգերը, այնպես չէ, որ շատ ստեղծարար են։ Ստեղծարարությունը գալիս է վտանգի զգացողության, սահմանափակումների և մեծ երազանք ունենալու հետ մեկտեղ»,- ընդգծեց նա։