Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, հաղորդում է «Казинформ» գործակալությունը:
Եվրասիական տնտեսական միության անդամների միջև նավթի և նավթամթերքների մատակարարումը կարգավորվում է առանձին երկկողմ համաձայնագրերով՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: 2020 թվականի հուլիսի 16-ին Նուր Սուլթանում ստորագրվել է համաձայնագիր Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին: Այսօր Ղազախստանի նախագահը համապատասխան օրենք է ստորագրել։ Համաձայնագրին համապատասխան՝ կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի մինչև ընթացիկ օրացուցային տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքների արտադրության, ներքին սպառման, մատակարարման, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը, այսինքն՝ ինդիկատիվ հաշվեկշիռները։
«Հաշվի առնելով, որ Հայաստան նավթամթերքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ղազախական արտադրանքի հնարավոր մատակարարումները կորոշվեն մնացորդային սկզբունքով։ Համաձայնագիրը նախատեսում է նաև կողմերի ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներից ավելի մատակարարումների արգելք», – նշել է Ղազախստանի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ասեթ Մագաուովը՝ ավելի վաղ ներկայացնելով օրենքի նախագիծը պալատի լիագումար նիստում:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտուրն իրականացվում է առանց արտահանման մաքսատուրքի վճարման՝ առանց մաքսային հսկողության: Այդ համաձայնագիրը սահմանում է նավթամթերքների առևտրի գրեթե հատուկ ռեժիմ և հսկողության մեխանիզմներ է պարունակում Ղազախստանից Հայաստան նավթամթերքների արտահանման ժամանակ: Նման մեխանիզմները թույլ կտան Հայաստանի ավելի պրեմիում շուկայում իրականացնել նավթամթերքի ավելցուկը, ինչը դրականորեն կազդի նավթամթերքի ներքին հաշվեկշռի վրա և կավելացնի Ղազախստանի տնտեսվարող սուբյեկտների եկամուտները, ինչպես նաև կկարգավորի Ղազախստանի Հանրապետությունից նավթամթերքի արտահանումը և ներքին շուկան կպաշտպանի ԵԱՏՄ երկրներ նավթամթերքի անվերահսկելի հոսքերից: