«Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար հաշվարկելու եվ տրամադրելու կարգը հաստատելու կառավարության որոշմամբ սահմանվել է «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման ընթացակարգը և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
Կարգի մշակման փուլում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գործընկեր բանկերի միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ մշակվող կարգի իրացման մեխանիզմների և ընթացակարգերի շուրջ։
Դրանց արդյունքում առաջարկվում է նաև միջոցառման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում առաջարկվել է նաև քարտը թողարկած բանկոմատների միջոցով կոմունալ ծառայություններին ուղղվող վճարներից բացի՝ հետվճար կիրառել նաև բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործելու է կենսաթոշակի ու նպաստների հետվճարի համակարգը։ Քաղաքացիներն ամբողջությամբ անկանխիկ գնումներ կատարելու դեպքում հետ կստանան իրենց թոշակի 10 տոկոսը։ Միջոցառումն ուղղված է անկանխիկ գործարքների խթանմանը։