Այս տարվա զարգացումներին զուգընթաց՝ «Լարսի» անցակետի վրա ճնշումը կտրուկ ավելացել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հայ բեռնափոխադրողների, արտադրողների առջև ծառացած խնդիրներին։
Նա հիշեցրել է ՌԴ կառավարավորթյան նոր որոշման մասին՝ կապված «Վերին Լարսի» մոտակայքում մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք հատկացնելու հետ։
«Մեր գնահատականներով՝ մոտ 30 տոկոսով պետք է ավելացվի թողունակությունը»,- ասաց Քերոբյանը՝ շեշտելով, որ վրացի գործընկերներին խնդրել են ծաղիկները և ձուկը ևս ներառել արագ փչացող ապրանքների ցանկում։
Նրա խոսքով՝ այդ ապրանքները հնարավոր կլինի անցկացնել առանց հերթի։
«Բազմաթիվ տնտեսվարողներ վնասներ են կրել, մենք դա տեսնում ենք ու աշխատում ենք իրենց հետ։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ-ի կողմից ՌԴ-ի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի հունիսի 20-ին ՌԴ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։