Շուկայում պարենային ապրանքների գնանկում է տեղի ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա արձանագրեց, որ մարտից սկսել է կարագի գինն իջնել։
«Նորզելանդական կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամ։ «Անկոր» տեսակի կարագի գինը ևս նվազել է․ Անկոր» տեսակի կարագի գինը 5038 դրամից իջել է 4690։ Հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինն իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ»,- մանրամասնեց գերատեսչության պատասխանատուն։
Խոսելով բենզինի և դիզելային վառելիքի գներից՝ Գևորգյանն ընդգծեց, որ Իրանը վերջին շրջանում դիզվառելիք և բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, դիզվառելիքի և բենզինի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանի Դաշնությունից։
«Պարբերաբար փոխվում է Իրանից Հայաստան մատակարարվող դիզվառելիքի քանակությունը։ Դիզվառելիքի գների վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը, դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է։ Ներկա պահին այդ ոլորտում մեր մասով խնդիրներ չեմ տեսնում։ Եթե մենք դրանք տեսնեինք, գործ կհարուցեինք»,- պարզաբանեց Գևորգյանը։