Հայկական կողմը բոլոր քայլերը ձեռնարկում է, որ հնարավորինս շուտ կարգավորվեն Վերին Լարսում առաջացած խնդիրները։ Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա խոսել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, վերջինս էլ հավաստիացրել է, որ օրվա վերջում խնդիրների մի մասը պետք է լուծված լինեին։
Բագրատյանը նշեց, որ աշխատանքներ են կատարվում Վերին Լարսում թողունակությունը 30 տոկոսով բարձրացնելու ուղղությամբ։
«Բավականին ժամանակ է Վերին Լարսում խոչընդոտներ են առաջանում հայկական բեռների տեղափոխության հարցում։ Գիտեք՝ որոշ ժամանակ խնդիրը ռուսական կողմում էր։ Այդ արհեստական խնդիրերը լուծվել են, վրացական կողմը սպասարկման խնդիրները կատարում է, բայց հարցեր են առաջանում թողունակության հետ կապված»,- նշեց նա։
Բագրատյանի խոսքով՝ Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի գործարկման քայլեր են ձեռարկվում, օրակարգում լաստանավի ձեռքբերման հարցն է։
Իշխանական պատգամավորի տեղեկություններով՝ Հայաստանն արդեն գնել է բուլղարական երկու լաստանավ, այժմ լիցենզիայի տրամադրման գործընթացն է սկսվել։ Նա, սակայն, չի կարծում, թե կարող են խոչընդոտներ ստեղծվել և ծրագիրը չիրականանալ։
«Լաստանավով բեռների փոխադրումը թանկ է լինելու, բայց կառավարությունը սուբսիդաբորում է տրամադրելու։ Հայկական բեռների 30 տոկոսը կարող են տեղափոխվել լաստանավով»,- ասաց Բագրատյանը։
Անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին, պատգամավորը մատնանշեց, որ մեկ ամսվա ընթացքում դրամի տատանումներևը կկարգավորվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։