Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում նոր որակյալ ենթակառուցվածք ծավալելու անհրաժեշտություն կա։ Այս մասին «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ այդ ենթակառուցվածքները կարևոր են նոր ընկերությունների համար, և այդ պատճառով որոշում է կայացվել սկսել մի քանի տեխնոպարկերի և արդյունաբերական գոտիների կազմակերպումը, որոնցից մեկի՝ Շիրակի արդյունաբերական գոտու շինարարությունը կսկսվի հաջորդ տարի:
«Մենք Հայաստան ենք հրավիրում ռուսական ընկերություններին, որոնք հետաքրքրված են նման ենթակառուցվածքներով»,- ասել է Քերոբյանը՝ հավելելով, որ արդյունաբերական կոոպերացիայից բացի, ռուսական ընկերությունները կստանան հարկային արտոնություններ և հատուկ լոգիստիկ կապեր, որոնք կօգնեն նրանց արագ նոր շուկաներ գտնել:
Նախարարը նշել է, որ ռուս գործընկերների հետ դիտարկվում են տարբեր ճյուղեր համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Քերոբյանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ համագործակցություն կա նաև այսօր։ Նա շեշտել է, որ ռուսական կապիտալով բազմաթիվ ընկերություններ կան, որոնք մտել են հայկական շուկա, սակայն նոր ենթակառուցվածքների ստեղծումը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ գործընթացի ակտիվացման համար:
Նախարարը հայտնել է, որ ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություն իրենց գործունեությունը սկսել է Հայաստանում: Քերոբյանը նաև ընդգծել է արտադրանքի փոխադարձ սերտիֆիկացման կարևորության մասին, ինչը թույլ կտա նաև հայկական ընկերություններին ակտիվորեն ներգրավվել ռուսական շուկայում, քանի որ ԵԱՏՄ շրջանակներում մեխանիզմները դեռևս չեն աշխատում:
«Ուստի մեզ համար շատ կարեւոր է հնարավորինս շուտ ազատվել մեր երկրների միջև ազատ առևտրի համար առկա բոլոր խոչընդոտներից։ Դա վերաբերում է և՛ արդյունաբերական արտադրանքին, և դեղագործությանը, և՛ այլ արտադրանքների»,- ընդգծել է էկոնոմիկայի նախարարը՝ նշելով, որ «Иннопром» ցուցահանդեսում հայկական տաղավար այցելած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարականներ է տվել խնդրի արագ լուծման համար: