Ընթացիկ տարում Ադրբեջանն ակտիվ համագործակցություն է ծավալել Եվրոպական Միության հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022-ի վեց ամիսների արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք նոր համաձայնագրի վրա։ Համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված է, քննարկվում են նաև հարցեր, որոնք համաձայնեցված չեն եղել։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս բոլոր հարցերը կհամաձայնեցվեն»,- ասել է նա։
Ալիևը նաև հիշեցրել է ԵՄ Խորհրդի նախագահի հետ մի քանի անգամ անցկացրած հանդիպումների և հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ զրույցների հիմնական թեման հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն էր:
«Բայց, միևնույն ժամանակ, լայն քննարկումներ են ընթանում՝ կապված Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև կապերի հետագա զարգացման հետ։ Առաջիկա օրերին Եվրամիության և Ադրբեջանի միջև կստորագրվի կարևոր փաստաթուղթ՝ էներգետիկ անվտանգության մասին փաստաթուղթ, որը մեր համագործակցությունը կբարձրացնի ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ալիևը: