Mitsubishi Heavy Industries-ը մտադիր է աշխատել Հայաստանում և մուտք գործել հայկական շուկա։ Ընկերության ռուսական ստորաբաժանման ղեկավար Յասուշի Կակիտսուկան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի հետ հանդիպմանը քննարկել է նախագծի հեռանկարները։
Նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները:
Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար: Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Յասուշի Կակիտսուկան հանդիպել է նաև էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վահան Քերոբյանի հետ։ Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեությունը, որն առնչվում է մասնավորապես էներգետիկ համակարգերին, մեքենաշինությանը և սարքաշինությանը, քիմիական արտադրությանը և արտադրական այլ ոլորտներին։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում ներկա վիճակը, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության, ինչպես նաև տնտեսության արդիականացման ծրագրերը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում արևային էներգետիկայի և գեոթերմալ ռեսուրսների զարգացման հեռանկարների, դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական հայեցակարգերի շուրջ։