2022 թվականի առաջին եռամսյակում Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում ծառայությունների ոլորտի ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում՝ կազմելով 80,3 տոկոս: Այդ մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացրած տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ Հայաստանից ծառայությունների արտահանումն աճել է 84.6%-ով, իսկ ծառայությունների ներմուծումը՝ 74.8%-ով։
Համեմատության համար նշենք, որ ծառայությունների շրջանառությունը Բելառուսում 3,5% անկում է գրանցել, Ղազախստանում այն աճել է 17%-ով, Ղրղզստանում՝ 19,4%-ով: Տվյալ ցուցանիշով Ռուսաստանի վերաբերյալ տվյալներ չկան։
Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների շրջանառությունն աճել է Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում: Ծառայությունների առևտրի դրական սալդոն Հայաստանում ավելացել է 2,2 անգամ, Բելառուսում՝ 17,1 տոկոսով։ Ղազախստանում ծառայությունների առևտրի բացասական սալդոն աճել է 70,1 տոկոսով, Ղրղզստանում՝ 7,6 տոկոսով: