Հայաստանը մեծացնում է ծաղիկների մատակարարումները ՌԴ և արագ կզբաղեցնի ռուսական ծաղկի շուկան, գրում է «Акценты» վերլուծական կենտրոնը:
Ըստ Россельхознадзор-ի վկայակոչող կենտրոնի տվյալների՝ մատակարարումների հոսքը անցնում է Հյուսիսային Կովկասի տարածաշրջաններով, միայն Ստավրոպոլում տարեսկզբից 2.5 մլն հայկական վարդեր են ներկրել:
Հայաստանից ՌԴ են տեղափոխվում նաև թարմ մեխակներ, հերբերաներ և պերուական շուշաններ (ալստրոմերիաներ)։ Россельхознадзор-ը հատուկ ընդգծում է, որ հայկական ողջ ծաղկային արտադրանքը բյուրեղյա մաքուր է, այն վարակված չէ վնասակար միջատներով:
Կենտրոնի գնահատականներով՝ Հայաստանն արագ կզբաղեցնի ռուսական ծաղկի շուկան։ Նշվում է, որ եվրոպական մատակարարումների նախկին ալիքները հասկանալի պատճառներով փակ են. արդեն գրեթե չկան ծաղիկներ Իտալիայից, Իսպանիայից, Դանիայից, Գերմանիայից և Բելգիայից: Ծաղիկներ Էկվադորից, Քենիայից, Վիետնամից, լոգիստիկայի բարդությունների պատճառով մնում են ճանապարհներին:
Նշվում է, որ Հայաստանը սրընթաց մեծացնում է իր ծաղկի ինդուստրիան. եթե 2019 թվականին երկրում աճել է 60 մլն ծաղիկ, ապա անցյալ տարի՝ գրեթե 92 մլն: Այդ թվի կեսը բաժին է ընկնում Կոտայքի մարզին։ Կենտրոնը գրում է, որ Կոտայքի ջերմոցներում և ջերմատներում ավելի ակտիվ ներդրումներ են կատարում նաև ռուսները։