Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև հունիսի 29-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 28-ի նիստում։
Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը կազմում է 120 000 000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։
Նախագծում ասվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը հետևյալ կերպ.
68 565 000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար և 51 435 000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:
Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով: