Վերջին մի քանի օրերի ընթացքում դրամն ավելի ամրապնդվեց դոլարի նկատմամբ, ինչն արտահանող ճյուղի թուլացում է նշանակում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց «Էքսպերտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
Ըստ փորձագետի՝ դա նշանակում է, որ մեր արտահանողները ստանում են շատ ավելի քիչ շահույթ, շարունակում են մինիմալ շահույթով աշխատել։ Ստեփանյանի խոսքով՝ արտահանողները վնասով են աշխատում, տուժում է նաև IT ոլորտը։
«Արտահանողներն սկսում են քիչ վճարել իրենց մատակարարներին, ուշացնել աշխատակիցների աշխատավարձերը, սկսում են բանկային վարկերը վատ սպասարկել և այլն։ Օրինակ՝ գյուղոլորտում գործող արտահանողների նման գործունեությունն անմիջականորեն անդրադառնում է գյուղոլորտի վրա», – նշեց նա։
Անդրադառնալով պետական գերատեսչությունների կողմից հրապարակվող արտահանման դրական վիճակագրությանը՝ «Էքսպերտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը մատնանշեց, որ դա ցույց է տալիս զուտ շրջանառությունը, այսինքն՝ կատարված գործարքը, առևտուրը։
«Արդյո՞ք այդ առևտուրը շահութաբեր է արտահանողի համար, դա բնականաբար չեն նշում, քանի որ դա արդեն այլ հաշվետվություն է», – ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ մարդիկ նախընտրում են վնասով աշխատել, սակայն տարիներով ձեռք բերված շուկաները չկորցնել։
«Մեր համար այսօր կենսական նշանակություն ունի արտահանման դիվեսիֆիկացումը, բայց այսօր կառավարությունը մատը մատին չի տալիս։Մեկ շուկայից կախվածությունը վտանգներ է պարունակում՝ լինի դա ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, կամ այլ շուկա», – ընդգծեց մեր զրուցակիցը։
Խոսելով Լարսում անընդհատ ստեղծվող իրավիճակից՝ Ստեփանյանի դիտարկմամբ՝ օգոստոսին ևս այդ ծանրաբեռնվածությունը կպահպանվի։
«Այլ ընտրությունն այստեղ չարտահանելն է լինելու ու շատերը չեն էլ արտահանելու։ Մենք տեսանք ծիրանի ժամանակ ստեղծված իրավիճակը։ Այսօր արդեն սկսել են արտահանվել ավելի ուշ փչացող արտադրանքները։ Ռուսական կողմն էլ է սկսել ուշադրություն դարձնել ոչ պարենային ապրանքների արտահանմանը»,-նկատեց Էմիլ Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։