Հանրապետությունում զգալի նվազել են մսի արտադրության ծավալները: Ինչպես Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից, նախորդ տարվա 16 042.9 տոննա մսի դիմաց այս տարի արտադրվել է՝ 13 998.9 տոննա:
Ընդ որում՝ կրճատվել է նաև երշիկեղենի արտադրության ծավալները: Եթե այս տարվա մայիսի դրությամբ արտադրվել է 4 989.2 տոննա երշիկեղեն, ապա այս տարի՝ 5 395.5 տոննա:
Ըստ վիճակագրության՝ 2,9 անգամ ավելացել են կարագի արտադրության ծավալները․ և այսպես. 2022 թվականի հունվար-մայիսի դրությամբ արտադրվել է 1 839.8 տոննա կարագ, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 636.4 տոննա:
Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ցորենի արտադրությունը, մինչդեռ հացի արտադրության դեպքում պատկերն այլ է՝ նվազում է արձանագրվել: Ընթացիկ տարվա մայիսի դրությամբ արտադրվել է 109 928.9 տոննա հաց, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 110 218.9 տոննա: ԱՎԿ-ի համաձայն՝ մեկ տարվա ընթացում ավելացել է մակարոնեղենի արտադրությունը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ էական կրճատվել է կերակրի աղի արտադրությունը. եթե 2021 թվականի մայիսի դրությամբ արտադրվել է 14 252.6 տոննա կերակրի աղ, ապա այս տարվա ընթացքում՝ 8 906.5 տոննա: