Արկադի Խաչատրյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Արկադի Խաչատրյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 29-ին Վանաձորում։ 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2009 թվականին սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։ Տնտեսական գիտությունների թեկնածու է։
1998-2002 թվականներին Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախարարության ապահովագրական տեսչության գլխավոր վարչության պետ։ 2002-2003թթ.՝ «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն, Երևան: Այնուհետև ավելի քան 10 տարի՝ 2003-2015 թվականներին, աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում, այդ թվում՝ փորձագիտական-վերլուծական բաժնի ղեկավար։
2015-2018թթ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: 2018 թվականից մինչև 2019 թվականը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական։ 2019-2021թթ.՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
ԵՏՀ-ն Եվրասիական տնտեսական միության մշտական կարգավորող մարմինն է։ Հիմնական նպատակն է ապահովել ԵԱՏՄ-ի գործունեության և զարգացման պայմանները, ինտեգրման հետագա զարգացման համար առաջարկների մշակումը։ Մինչ օրս ԵՏՀ-ում ներկայացված է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Հանձնաժողովն ունի վերազգային կառավարման մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծին մասնակցող երկրների շահերով՝ որպես ամբողջություն՝ առանց իր որոշումները դրդելու ազգային կառավարություններից որևէ մեկին։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում։