Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ մեր հիմնական կուտակումները, որոնք ուղղվում են պահպանողական խմբերին, ծախսվելու են միայն ավանդների, պետական պարտատոմսերի ուղղությամբ, այսինքն այդ գումարը միայն այդ երկու հինական ուղղություններով է ծախսվում, որոնք քիչ ռիսկային են, երաշխավորված են պետության կողմից:
Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից կուտակային միջոցների ռիսկայնության ավելացման խնդրին:
«Գործող օրենսդրությունը ավելի քիչ ռիսկային է մեր կուտակային միջոցների տեղաբաշխման առումով: Մեր ընդհանուր կուտակային միջոցները կազմում են մոտ 500 միլիարդ դրամ, դրա 32 տոկոսը պետական պարտատոմսերի մեջ է տեղադրված, մոտ 25 տոկոսը դրված է ավանդների մեջ, շուրջ 40 տոկոսը Հայաստանից դուրս է գտնվում:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պահպանողական ֆոնդի մեջ ռիսկայնությունը բարձրացնել: Մարդիկ, ովքեր չեն ընտրում ֆոնդի կառավարիչ, ֆոնդի տեսակ, համակարգը ավտոմատ ընտրում է պահպանողական ֆոնդ: Այսպիսով, հիմա նախատեսվում է բաժնային արժեթղթերի մասը ավելացնել, այսինքն այդ գումարներով ֆոնդի կառավարիչները կարող են ձեռք բերել ավելի շատ կազմակերպությունների բաժնետոմսեր, տարբեր ձեռնարկությունների մեջ փայատեր դառնալ»,- պարզաբանեց նա:
Սուրեն Պարսյանը նկատեց, որ այս փոփոխության հիմնավորումը Կենտրոնական բանկը ներկայացնում է այնպես, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում ցանկանում են ներդրում կատարել, դրա համար փոխում են օրենսրդրությունը, որ ֆոնդերի կառավարիչները կարողանան այդ գումարները ներդնել կազմակերպությունների բաժնետոմսերի մեջ:
«Հայաստանում այդպիսի կազմակարպությունները շատ քիչ են, որոնք բաժնետոմս են թողարկում, ռիսկային չեն, ֆոնդային բորսայում հասանելի են և շահութաբերություն են ապահովում: Մեզ մոտ չկա այդպիսի բաժնետոմսերի շուկա, բայց հիմա ԿԲ-ն թույլ է տալիս ֆոնդի կառավարիչներին, որպեսզի այդպիսի կազմակերպություններում ներդրում կատարեն: Հիմա ստացվելու է՝ ֆոնդի կառավարիչը կարողանալու է պատահական կազմակերպության բաժնետոմս ձեռք բերել, ինչը ռիսկային է, և այդ գումարը մեծ հավանակնությամբ փոշիանալու է, և այդ կազմակերպությունը սնանկանալու է, ինչի հետևանքները կրելու են շարքային քաղաքացիները, որոնք իրենց գումարները այս տարիներին կուտակում են»,- ասաց նա:
Նա նաև նկատեց, որ այս ներդրման հիմնավորումներից մեկն այն է, որ եթե ներդնեն գումարները, ապա եկամտաբերությունը շատ կլինի, հետևաբար կշահեն շարքային քաղաքացիները:
«Այս առումով ժողովրդական հայտնի խոսք կա՝ հարևանի հարսով փեսուն լավություն անելը: Այսինքն մեր գումարով փորձում են մեզ լավություն անել այն դեպքում, երբ լավ հասկանում են, որ այդ գումարը ներդնելու դեպքում ռիսկեր կան, որ մենք կորցնելու ենք: Այդ ամենը ավելացնելու է կուտակային մեր միջոցների ռիսկայնությունը: Սա նման է խաղաղամոլի, ով արդեն կորցրել է գումարի մի մասը և փորձում է հետ բերել: Հիշեցնեմ, որ առաջին կիսամյակի կտրվածքով ֆոնդերը ինը տոկոսով նվազել էին՝ պայմանավորված ներքին, արտաքին գործոններով: Հիմա այդ մինուսը հետ բերելու համար նրանք որոշում են ավելի բարձր ռիսկային տեղեր ներդնել գումարները: Սա կարող է մի քանի անգամ ավելի մեծ կորուստ բերել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում ներդրումներ անելուն և այդ գումարները ֆոնդերի կառավարիչների կողմից դուրս հանելուն, ապա Սուրեն Պարսյանն ասաց. «Մեր օրենսդրության համաձայն ֆոնդերի կառավարիչները կարող են 40 տոկոսը Հայաստանից դուրս հանել և այդպես էլ անում են: Նրանք այդ գումարները հանում են Հայաստանից և ներդրում են տարբեր միջազգային կորպորոցիաների և բաժնետոմսերի մեջ: Այս տարի այդ բաժնետոմսերից շատերը արժեզրկվել են, որը և ազդել է մեր կուտակային միջոցների քանակի վրա և ինը տոկոսի նվազումը նաև այդ միջազգային բաժնետոմսերի նվազմամբ է պայմանավորված: Այս փոփոխությամբ նախատեսված է, որ մի երկրի հաշվով այդ գումարի չափը հասնի մինչև 30 տոկոս, հիմա 15 տոկոս է, այսինքն ռիսկայնությունը ավելի են ավելացնում և ստացվում է՝ ֆրանսիական և գերմանական այդ երկու ընկերությունները կարող են այդ գումարները տանել իրենց երկիր և նպաստել իրենց երկրի զարգացմանը: Մի կարևոր հանգամանք ևս փոփոխությամբ նախատեսված է հանել ֆոնդերի կառավարիչների վրա դրված ծանուցման պարտավորությունը: Ըստ ներկայիս օրենքի՝ ֆոնդերի կառավարիչները պետք է գրավոր, թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցեն իրենց շահառուներին, իսկ ես այն հազարավոր մարդկանցից մեկն եմ, որ ոչ էլեկտրոնային, ոչ էլ թղթային տարբերակով չեմ ստացել այդ ծանուցումները, այն դեպքում, երբ օրենքով դա պարտադրված է»:
Սուրեն Պարսյանը նշեց, որ նախատեսված է, որ ֆոնդի կառավարիչը այդ ծանուցման համար ստանում է գործառնական ծախսերի համար փոխհատուցում: «Այսինքն ծանուցում ուղարկելու համար ինքը փող է ստացել այս ընթացում, հիմա Կենտրոնական բանկին ֆոնդերի կառավարիչները պետք է բացատրություն ներկայացնեն, թե ինչպես է ստացվել, որ իրենք պատշաճ ծանուցում չեն ստացել, սակայն գործառնական ծախսերը վերցրել են»,- ասաց նա:
Անդրադառնալով ֆոնդերի կառավարիչների եկամուտներին, Սուրեն Պարսյանը նշեց, որ այդ եկամուտները ֆիքսված են, և Կենտրոնական բանկը մինչև 1,5 տոկոսի չափով նախատեսում է պարգևավճար:
«Նրանց ութ տարիների գործունեության արդյունքում տարեկան 7 տոկոս եկամտաբերություն են ապահովել, երբ մեզանից յուրաքանչյուրը, չունենալով ֆինանսական գիտելիք, կարող է ավանդ դնել և 11 տոկոս եկամտաբերություն ունենալ»,- ասաց նա:
Տնտեսագետը նկատեց, որ մեզ մոտ արժեթղթերի շուկա չկա, բայց ստացվում է, որ մենք ասում ենք՝ այդ գումարը տանք նրանց:
«Մեր տնտեսության մեջ գլոբալ առումով խնդիրը իրական հատվածում ոչ թե փողի բացակայությունն է, այլ մրցունակ նախագծերի բացակայությունը և պետական ինստիուտների այդ նախագծերը սպասարկելու անկարողությունը: Այսինքն մենք պետական ինստիտուտներ չունենք և չունենք մրցունակ բիզնես նախագծեր, քանի որ լավ մրցունակ նախագծերի համար միշտ էլ կարելի է փող գտնել, և պարտադիր չէ կուտակային միջոցները դրա համար ծառայեն»,- ասաց նա և նշեց, որ ֆոնդերի կառավարիչների միջև մրցակցություն էլ չկա, ինչը ևս խնդիր է: