Բացահայտվել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Գերատեսչությունից հայտնում են՝ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ և դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնով:
Մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ և ուղեկցվել մաքսային պահեստ: Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ, ընկերության կողմից ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված նյութերն, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որտեղ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որի որոշմամբ բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքներն ամբողջությամբ առգրավվել:
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: