Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 մլն դոլարի վարկ, որն ուղղվելու է պետական կառավարման համակարգի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացմանը։ Հարցը քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ին գումարած նիստում:
Առաջարկվող չորրորդ ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք ՊՀԱԾ-ների ձեռքբերումների վրա՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում հանրային հատվածի գործառույթների եւ ծառայությունների արդիականացման ուղղությամբ GovTech` հանրային հատվածի արդիականացման համապետական մոտեցման ներդնումը: Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար: Ծրագիրը համահունչ է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին:
Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց, որ վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14,5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք (6-ամսյա EURIBOR) գումարած լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0,25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0,25 տոկոսի չափով:
Օրենքի նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: