Buissup Global Forum 2022-ի գլխավոր նպատակը մեր ապագա գործարարների համար երկխոսության հարթակ ստեղծելն է, ինչպես նաև նրանց մոտիվացնելը՝ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է «Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր կոմիտեի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը:
«Նպաստելով գործարարության զարգացմանը՝ մենք ներդրում ենք կատարում մեր ապագայի մեջ, իսկ ապագան սկսվում է հենց այսօր», – հայտարարել է նա։ Իգնատյանը հույս է հայտնել, որ միջոցառման մասնակիցները կկարողանան առանձնանալ իրենց նախագծերով ոչ միայն Հայաստանում, այլև այսօրվա իրողություններում զբաղեցնել իրենց տեղը միջազգային ասպարեզում։ «Շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը կարողանա իրեն դրսևորել աշխարհի մասշտաբով», – ընդգծել է Հայկ Իգնատյանը։
Նա նշել է, որ համաժողովի մասնակիցների համար տարբեր ոլորտների փորձառու մենթորիների հետ ինտենսիվ աշխատանք է նախատեսված։ «Ուրախ ենք, որ այս տարի ամենատարբեր ուղղություններով նախագծեր ենք ստացել՝ նորարական տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն, կրթություն և արդյունաբերություն», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։
Նա տեղեկացրել է, որ համաժողովի վերջին օրը մասնագիտական ժյուրին կգնահատի ներկայացված նախագծերը, իսկ լավագույնները պոտենցիալ ներդրողների հետ ներդրումային մտադրությունների մասին հուշագրեր կստորագրեն:
Հիշեցնենք, որ Buissup Global Forum 2022 – ը տեղի է ունենում սեպտեմբերի 5-11-ը՝ Դիլիջանում: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու համար երիտասարդ ձեռներեցների կողմից մոտ 300 հայտ է ներկայացվել։ Ժյուրին ընտրել է 200 լավագույններին, որոնք կներկայացնեն շուրջ 50 նախագիծ։
Buissup Global Forum-ը կրթական ֆորում է, որի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռներեցության զարգացման խթանումն է: Համաժողովը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» խմբի աջակցությամբ:
2021 թվականին համաժողովը Հայաստանից և այլ երկրներից շուրջ 500 մասնակից է ունեցել: Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է «Հայ գործարարների ասոցացիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Ասոցացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ անցյալ տարվա ֆորումի հաղթողների հետ հուշագրեր է ստորագրել։ Գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ֆինանսավորում են ստացել, որից հետո անցել են իրենց գաղափարների իրականացմանը: