«Հայ գործարարների ասոցացիա» – ն «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ կազմակերպում է Buissup Global Forum – ը։ Այս տարի արդեն երկրորդ անգամ է, որ մենք մեկ հարթակում համախմբում ենք երիտասարդ և սկսնակ գործարարների և ստարտափերների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայ գործարարների ասոցացիա» – յի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Ղումաշյանի փոխանցմամբ՝ այս տարի ստացվել են 300-ից ավելի հայտեր և ընտրվել են լավագույն 200 մասնակիցները, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 50 նախագիծ։ Նախագծերն ընտրվել են «Հայ գործարարների ասոցացիա» – յի էքսպերտային խմբի ջանքերով։ «Այսօր բացմանը իրենք ներկա են, տեսնում ենք նրանց փայլուն աչքերը, թե ինչպես են սպասում մեկ շաբաթից կատարելագործված կերպով տեսնելու իրենց ծրագրերը, որով հանդես կգան ներդրողների առջև», – նշեց Ղումաշյանը։
Ասոցացիայի տնօրենի խոսքով ոլորտային սահմանափակումներ չեն լինելու։ «Այս տարի, ինչպեսև անցյալ տարի, ունենք ծրագրեր բժշկության, կրթության և ինովացիոն ոլորտներից, ունենք շատ ծրագրեր IT ոլորտից, ունենք ծրագրեր, որոնք ռոբոտաշինության հետ են կապված», – նշեց նա՝ ընդգծելով, որ բոլորն էլ Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող ծրագրեր պետք է լինեն։
«Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ինովացիոն, իսկ ծագումնաբանությունը լինի հայկական, այսինքն՝ ծրագիրը ստեղծվի Հայաստանում, որպեսզի նպաստի տնտեսության զարգացմանը և հետագայում՝ ինչպես այսօր մեզ անցյալ տարվա հաղթողները հավաստեցին, մեր օգնությամբ դրանք կդառնան միջազգային և Հայաստանի պատիվը բարձր կպահեն միջազգային գործարարության ոլորտում», – նշեց Ղումաշյանը։
Armenia Today-ի հստակեցնող հարցին, թե ներդրողների կողմից քա՞նի ստարտափ-նախագիծ է ընտրվելու և ինչպե՞ս է իրականացվելու ֆինանսավորումը, Գոհար Ղումաշյանը հայտնեց. «Մենք ունենք բավականին հաջողակ և փորձառու, աշխարհում բարձր հեղինակություն ունեցող ինվեստորներ, որոնք «Հայ գործարարների ասոցացիա» -ի ռեզիդնետներն են։ Անցյալ տարի ևս հենց իրենք էին հաղթող թիմերի ինվեստորները, այս տարի ևս այդպես կլինի։ Հաղթող ծրագրերի հետ կապված չունենք սահմանափակում, անցած տարի ունեինք 9 հաղթող ծրագիր, այս տարի շատ ենք ուզում ավելին լինեն։ Մենք պատրաստ ենք ավելի շատ ներդրումների, քանի որ սպասում ենք ավելի մասշտաբային ծրագրերի»։
Հիշեցնենք, որ Buissup Global Forum 2022 – ը տեղի է ունենում սեպտեմբերի 5-11-ը՝ Դիլիջանում: Buissup Global Forum-ը կրթական ֆորում է, որի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռներեցության զարգացման խթանումն է: Համաժողովը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» խմբի աջակցությամբ:
2021 թվականին համաժողովը Հայաստանից և այլ երկրներից շուրջ 500 մասնակից է ունեցել: Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է Ղումաշյանը, Ասոցացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ անցյալ տարվա ֆորումի հաղթողների հետ հուշագրեր է ստորագրել։ Գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ֆինանսավորում են ստացել, որից հետո անցել են իրենց գաղափարների իրականացմանը: