Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նպատակը, Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր:
Փոխվարչապետ Մաթևոսյանը հարցուպատասխանի ձևաչափով լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, պատասխանել դրանց և նշել, որ պետական մարմինների հետ կապված առկա հարցերի վերաբերյալ լուծումները կգտնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար և հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն: