Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման արժեքը կկազմի մի քանի միլիարդ դոլար, նախագիծը կարող է իրականացվել 8-10 տարվա ընթացքում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա անդրադարձել է վերջերս իր գլխավորած պատվիրակության այցին ՌԴ՝ Կուրսկում կառուցվող ԱԷԿ: Սանոսյանի խոսքով՝ այցի ընթացքում, բացի քննարկումներից, եղել են նաև ուսումնասիրություններ, քանի որ Հայաստանում կառուցվող նոր էներգաբլոկի տարբերակներից մեկը հենց Կուրսկում կառուցվող ԱԷԿ-ի մոդելն օգտագործելն է։ Սանոսյանը նշել է, որ Կուրսկի ԱԷԿ-ի բլոկը հայկական կողմին հետաքրքրում է իր տեխնիկական լուծումներով։
«Ատոմակայանը մինչև 2036 թվականը աշխատելու թույլտվություն ունի։ Հիմա աշխատում ենք, փաստաթղթեր ենք պատրաստում, վերանորոգման և աշխատանքներ ընթացքի մեջ են, որպեսզի մինչեւ 2036 թվականը շահագործման թույլտվություն ստանանք։ Հաշվի առնելով, որ նոր էներգաբլոկը կառուցելու համար անհրաժեշտ է 8-10, ապա եթե 2036 թվականից հետ գանք, կտեսնենք, որ այդքան էլ երկար ժամանակ չի մնացել»,-նշել է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ հարցերից ամենակարևորը կայանի հզորությունն է, ֆինանսական մոդելը։ Սանոսյանի խոսքով՝ հիմնական քննարկումները ծավավում են 1200 Մվտ կամ 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցելու ուղղությամբ։
«Հաշվի առնելով, որ ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիան ինքնին բավականին մատչելի է, ապա նոր էներգաբլոկը ոչ միայն
Հայաստանի էլեկտրաէներգիայի վրա իր ազդեցությունը կունենա, այլև մեզ հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավականին մատչելի գնով ավելցուկ էլեկտրաէներգիա, որը հնարավոր է վաճառել հարևան երկրներին»,-նշել է նա։
Սանոսյանը նշել է նաև, որ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը նախատեսվում է կառուցվել գործող ատոմակայանի հարակից տարածքում։ Նոր ատոմային բլոկի համար անհրաժեշտ է մոտ 80 հա տարածք, հայտնել Է նախարարը: Նա նշել է, որ նախագծի իրականացման դեպքում գործող ԱԷԿ-ի տարածքում պետք չէ կառուցել մի շարք ենթակառուցվածքներ, քանի որ դրանք արդեն գոյություն ունեն:
«Բայց նորից եմ նշում՝ և՛ տեղը, և՛ հզորությունը, բոլորը դեռ քննարկման փուլում են»,-ընդգծել է նախարարը:
Խոսելով ընդհանուր ֆինանսական հաշվարկների մասին, Սանոսյանը նշել է, որ որոշակի թվեր կան, բայց հիմա դրանք չի կարող հնչեցնել, քանի որ թվերը կարող են փոխվել։
«Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, որից շատ պետք չէ վախենալ։ Այո, մի կողմից մի քանի միլիարդ դոլար է, բայց հաշվի առեք, որ երկրում մի քանի միլիարդանոց շինարարական մեծ գործընթաց կլինի՝ ունենալով նաև ածանցյալ արդյունքեր։ Երբեմն, երբ դիտարկում եմ ատոմակայանի շինարարությանը, հասկանում եմ, որ պատրաստվելու համար տարիներ են պետք։ Մեծ հաշվով՝ սա կարելի է դարի շինարարություն անվանել մեր երկրի համար»,-նշել է նախարարը։
Իսկ թե ինչու են ուզում ռուսական ատոմակայան կառուցել, նա նշել է, որ վերջնական որոշում դեռ չունեն։
«Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ռուսական ատոմակայանը մեզ ծանոթ է, և կարծում ենք, որ մեր անձնակազմը ավելի հեշտ կաշխատի այդ մոդելով»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ատոմային և ոչ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության խորացման համար, մասնավորապես, ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման շուրջ։