Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում Չինաստանը երկրորդ տեղում է։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հայկական շուկայում չինական ապրանքների ներմուծման արագացված աճ է նկատվում, որը 11%-ից հասել է 61,3%-ի։ Արդյունքում՝ արտահանման ծավալները կազմել են 198,5 մլն դոլար, ներմուծումը` 630,5 մլն դոլար։ Այսպիսով՝ Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում կազմել է 829,03 մլն դոլար, և դա չնայած հունվար-հուլիսին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալի աննշան նվազմանը` 34%-ից մինչև 29,3% և Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Չինաստանի մասնաբաժնի նվազմանը` 14,9%-ից մինչև 6,2%-ի:
Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում շարունակում է մնալ առաջին տեղում։
Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալի տարեկան աճն այս տարվա հուլիսին 18,4%-ից հասել է 57,7%-ի, 7 ամիսների ընթացքում հայկական ապրանքների արտահանման ծավալը Ռուսաստան հասել է 762,6 մլն դոլարի, իսկ Ռուսաստանից ներմուծման ծավալը գերազանցել է 1,3 մլրդ դոլարը։
Երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Ռուսաստանը դարձել է միակ պետությունը, որը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ իր մասնաբաժինը 30,8%-ից հասցրեց 32,9%-ի։
Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերների թվում երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Իրանը, որի մասնաբաժինը հանրապետության արտաքին առևտրաշրջանառության մեջ 13%-ից նվազել է մինչև 5,8%՝ կազմելով 366,3 մլն դոլար։ Այնուամենայնիվ, տարեկան կտրվածքով Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը շարունակում է աճել՝ 21,1%-ից հասնելով 38,1%-ի, ինչը պայմանավորված է հայկական ապրանքների՝ դեպի Իրան արտահանման զգալի աճով։
Այսպես, նախորդ տարվա 25,3% անկման փոխարեն հայկական արտադրանքի արտահանումն իրանական շուկա աճել է 74,9 տոկոսով։ Միաժամանակ, Իրանից ներմուծման աճի տեմպերի մի փոքր դանդաղում է նկատվում՝ 34,7%-ից հասնելով 32,2%-ի։
2022 թվականի 7 ամիսների արդյունքներով հայկական ապրանքների արտահանումը Իրան կազմել է 64,7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 301,6 մլն դոլար։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հուլիսին կազմել է 6,4 մլրդ դոլար՝ տարեկան 47,7% աճով։